Արևմտյան Հայաստան պետության ազգային ժողովի և հայրենակցական միությունների համազգային դաշինք
Հայրենակիցնե՛ր
Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համար ճակատագրական այս օրերին մեզ՝ հայրենակցականերիս և ողջ հայ ժողովրդի համար խիստ անհանգստացնող ու անհասկանալի է հայրենակցական միությունների անտարբերությունն ու քար լռությունը, հատկապես նրանց, որոնք վերջին 25-30 տարիներին մշտապես աչքի են ընկել իրենց ակտիվ հայրենակցական գործունեությամբ։ Էլ ավելի անհանգստացնող է անցած ժամանակաշրջանում իրենց կոչմանը նվիրյալ բազմաթիվ հայրենակցական միությունների միասնական ջանքերով հիմնադրված տարբեր միավորումների՝ Հայրենակցական Միությունների Խորհրդի (1993թ.), Հայրենակցական Միությունների Դաշինքի (2001թ.), Հայրենակցական Միությունների Միաբանության (2007թ.), Արևմտահայերի Ազգային Համագումար միջազգային կազմակերպության (2011թ.) և այլ համահայկական կառույցների անգործությունն ու համարժեք արձագանքի բացակայությունը՝ Արցախում և նրա շուրջն ընթացող գործընթացների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների զավթման ու արդեն 8 ամիս շարունակվող շրջափակման, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ներխուժման, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի, Սոթքի ոսկու հանքերի և Տավուշի ու Սյունիքի ճանապարհների վերահսկման նպատակով անկլավների և այլ անօրինական պահանջների ու ագրեսիվ գործողությունների վերաբերյալ։
Հայրենակիցներ, ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ մենք՝ հայրենակցականերս, այսինքն՝ հայրենակցական միությունների ներկայացուցիչներս՝ որպես Հայրենիքի արժեքային համակարգը կրող քաղաքացիներ կամ՝ պարզապես հայրենակիցներ, պիտի հանձնառու լինենք Հայրենիքին սպառնացող վերահաս վտանգներին առաջինը արձագանքելու և խնդրալույծ քայլեր անելու գործում։ Չէ՞ որ հենց մենք՝ հայրենակիցներս ենք Հայրենիքի տարբեր հատվածները միմյանց հետ կապող հիմնական օղակները` որպես մեր բնօրրանների ազգային, այդ թվում նաև՝ իրավական արժեքները կրող և փոխանցող իրավատերեր կամ իրավահաջորդներ: Ցավոք, առ այսօր ՀՀ-ում «Հայրենակցական միությունների մասին» օրենքի բացակայության պատճառով այդ պարզ ու հասարակ գաղափարը հասանելի չէ շատ շատերին, սկսած հայրենակցական միությունների մեծամասնության ղեկավար
կազմի ներկայացուցիչներից՝ մինչև իշխանության համապատասխան օղակների ղեկավարները, ինչի պատճառով հայրենակցական միությունները չեն կարողանում օգտվել իրենց լիակատար իրավունքներից: Սակայն դա չպետք է նաև հայրենակցական միությունների անգործության պատճառ հանդիսանա։
Ըստ վերոհիշյալ օրենքի հիմնարար դրույթների՝ հայրենատիրությունը բոլոր հայրենակցական միությունների միասնական խնդիրն է, քանի որ բոլորի համար էլ Հայրենիքը մեկն է և ոչ մի նշանակություն չունի, թե վտանգի մեջ հայտնված Հայրենիքի հատվածները ո՞ր հայրենակցական միության կամ միությունների բնօրրանն են հանդիսանում։ Հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար բոլոր հայրենակցական միություններն էլ իրավահավասար են՝ այնպես, ինչպես Հայրենիքի համար համար իր բոլոր բնօրրաններն էլ հավասարազոր են։ Մենք բոլորս մի ընդհանուր Հայրենիքի հայրենակիցներն ենք և, բնականաբար, հայրենակցական միությունների հիմնական պարտականությունն է տեր կանգնել բոլորի համար մեկ ընդհանուր Հայրենիքին և մասնակցել նրա յուրաքանչյուր հատվածի պաշտպանությանը։
Հայրենակցականներ, էլ ինչի՞ համար են հիմնադրվել հայրենակցական միությունները, եթե ոչ՝ կատարելու իրենց սրբազան պարտքը Հայրենիքի հանդեպ և էլ ե՞րբ պետք է կատարեն իրենց սուրբ պարտականությունները, եթե ոչ հիմա: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը վերագործակել անգործության մատնված միությունները՝ հստակ ձևակերպելով իրենց գլխավոր խնդիրներն ու նպատակները և իրենց գլխավոր գործառույթը դարձնել Հայրենիքի փրկությունը, քանի որ ինչպես Հայրենիքի կորսված բնօրրանների մասին հիշողություններն ու պահպանումը, այնպես էլ՝ Հայրենիքի պահպանված հատվածների պաշտպանողականության ու դիմադրողականության ուժեղացումն իրականացվում են նաև հայրենակցական միությունների՝ որպես քաղաքացիական հասարակության ամենաազգային կառույցների անմիջական ու գործուն մասնակցությամբ։ Ի վերջո, ինչպես ապացուցել է մեր ժողովրդի անցած ճանապարհը՝ հենց ժողովուրդն է կերտում իր հավերժ գոյության պատմությունը, այլ ոչ թե անցողիկ իշխանությունները։
Ելնելով վերոշարադրյալից, Արևմտյան Հայստան Պետության Ազգային Ժողովը
«Մայր Հայրենիք» հայրենակցական միությունների դաշինքի անունից կոչով դիմում է Հայաստանում և Սփյուռքում գործող բոլոր հայրենակցական միություններին և կազմակերպություններին, համախմբվել ու կատարել իրենց պարտքը Հայրենիքի հանդեպ։
Արևմտյան Հայստան Պետության Ազգային Ժողովը, «Մայր Հայրենիք» հայրենակ- ցական միությունների դաշինքը իրենց համերաշխությունն են հայտնում Լեռնաին Ղարաբաղ-Արցախի Հանրապետության հերոս ժողովրդին ու մասնավորապես միանում են «Վերածնվող Արցախ» շարժման և «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի կոչերին։
Համազգային դաշինքը պատրաստ է ապահովել հայրենակցական միությունների համար իրական գործունեության դաշտ, մերժում է օտար՝ «քաղաքական» կամ «օլիգարխիկ» համակարգերի ենթակայությունը և հասարակական դաշտից «խաղից դուրս» վիճակը։ Վերաիմաստավորել հայրենակցական միությունների գործունեութ- յան գաղափարաբանությունը՝ այն համապատասխանեցնելով հայրենակցական միությունների բուն էությանն ու բովանդակությանը։ Մեկտեղել ներուժը Հայրենիքի
առջև ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները միասնաբար ու համատեղ ուժերով հաղթահարելու սուրբ գործին և, ամենագլխավորը, տեր կանգնել մեր ընդհանուր Հայրենիքին։ Չէ՞ որ հայրենակցական միությունների հիմնական գործառույթը հայրենատիրությունն է։
Ուրեմն՝ վերադառնանք մեր իրական գործունեության դաշտ և կատարենք մեր հիմնական գործառույթները։ Հայրենիքը վտանգի մեջ է: Հայրենիքը մեզ է սպասում։
ԱՐԵՒՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Տ․ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ
«Մայր Հայրենիք» հայրենակցական միությունների համազգային դաշինք նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Դ․ Ալեքսանյան
17․ 07․ 2023թ